Հրավիրում եմ այն ընկերներիս ուշադրությունը, ում անունները սկսվում են ա, բ, գ, դ, ե, զ տառերով և կրում են համեմատաբար հայեցի կամ հայացված անձնանուններ…
ԱԴԵԼԱԻԴԱ – Տարածվել է եվրոպական գրականության միջոցով:

ԱԻԴԱ – Եկել է իտալացի կոմպոզիտոր Վերդիի համանուն օպերայի շնորհիվ՝ 20-րդ դարի քսանական թվականներից:

ԱԼԻՍԱ – Ֆրանս. Alisa անունն է, որ տարածված է նաև մեզ մոտ: Գործածական է նաև Ալիս ձևով: Սրա փաղաքշականն է Ալլա:

ԱԼՎԱՐԴ- Հայ. վաևդ և ալ “կարմիր”, “կարմրավուն” բառերից: Նշանակում է “կարմիր վարդ”: Հնում այս անունը գործածական չի եղել հայերի մեջ, համդիպում ենք 12-րդ դարից միայն: Տարածման պատճառ եղավ Վահան Միրաքյանի “Լալվարի որսը” պոեմը:

ԱԼՎԻՆԱ – Նշանակում է “շիկահեր”, “սպիտակադեմ” : Ծագել է լատ. albus “սպիտակ” բառից: Կա նաև սրա փաղաքշական Ալյա ձևը:

ԱՂԱՎՆԻ – Հայ. աղավնի թռչնի անունից, որ անմեղության և համեստության խորհրդանիշ է : Իբրև անձնանուն գործածական է անցյալ դարից: Համապատասխանում է ժողովրդական Դուխիկ անվանը: Այժմ էլ բավական տարածված անուն է : Երևում է նաև Աղունիկ ձևով:

ԱՄԱԼՅԱ – Եվրոպական անուն է , որ գործածական է դարձել մեզ մոտ 20-րդ դարի ութսունական թվականներից՝ Շիլլերի “Ավազակները” ողբերգության հերոսուհու անունով: Այժմ տարածված անուն է :

ԱՆԱՀԻՏ – Զենդ. Anahita, պահլ. Anahit. ժարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև հայերի մեջ: Կազմված էր an ժխտական ածանցից և ahita “պիղծ” բառից. նշանակում է “անպիղծ”, “անապական”, “անարատ”: Անահիտը մեր ժողովրդի սիրած աստվածուհին է եղել, և նրա անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը: Այժմ տարածված անուն է:

ԱՆԳԻՆ – Հայ. անգին բառից, որ նշանակում է “հազվագյուտ”, “գին չունեցող”: Ստեղծվել է 20-րդ դարում և բավականին տարածված անուն է:

ԱՆԺԵԼԱ – Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է “հրեշտակ”: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ:

ԱՆԻ – Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն:

ԱՆՆԱ – Եբր. Khanna անունից, որ նշանակում է “շնորհալի”, “ողորմած” կամ “պարգևատու”, “ողորմասիրտ”: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գարծածական անուն է:

ԱՆՈՒՇ – Զենդ. anaosa , պահլ. anos բառից , որ նշանակում է “անմահ”: Ժամանակի ընթացքում այս բառը իմաստափոխվել է և ստացել “հաճելի”, “քաղցր” նշանակություն: Անուշ անունը գործածական է նաև պարսիկների մոտ: Հայերի մոտ այս անունը բառակազմական դեր է կատարում իգական մի շարք անուններ ստեղծելիս, օր.` Հայկանուշ, Վարդանուշ, Հրանուշ և այլն: Մեր օրերում Անուշ անունն ավելի տարածվեց Հ. Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի նույնանուն օպերայի ազդեցությամբ:

ԱՇԽԵՆ – Պահլ. akhsen “գորշ” բառից / զենդ. akhsaena “թուխ”, “կապտասև”/: Եթե պահլ. akhsen բառի դրափոխված ձևը համարենք , ապա Աշխեն անունը պետք է ստուգաբանվի ”մոխրագույն”, “գորշ”: Բայց գույն է արտահայտում նաև “աշխետ” բառը /պահլ. khset, զենդ. khsaeta/, որ կարելի է մեկնել “հրակարմիր”: Հնագույն անուններից է : Խորենացին հիշատակում է Աշխեն կույս, որ Աշխադարի դուստրն էր: Շատ հավանական է, որ այս անունը կազմված լինի հիշյալ Աշխադար անվան մի մասից և պարս. փաղաքշական en ածանցից /Աշխ – են/. ինչպես պարսկերենից եկած մյուս անուններում /Խորեն/: Այժմ էլ գործածական անուն է հայերի մեջ:

ԱՍՏՂԻԿ – Հայ. աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է. գալիս է Աստղիկ աստվասուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին /Վեներա /: Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:

ԱՐԵՎԻԿ- Հայ. արև բառից՝ իկ փաղաքշական ածանցով: Ստեղծվել է 13-րդ դարում և այժմ էլ գործածական անուն է:

ԱՐԵՎՇԱՏ – Նորահնար անուն է՝ կազմված է արև (այստեղ “կյանք” իմաստով) և շատ բառերից. նշանակում է “երկարակյաց, “երկարատև”: Կա նաև Արևշատյան ազգանունը:

ԱՐՄԻՆԵ – Արմեն անվան իգական ձևերից մեկն է: Կազմվել է -ինե վերջամասնիկով / ինչպես՝ Կարինե, Զարինե /:

ԱՐՈՒՍ- Հայ. Արուսյակ անվան կրճատ ձևն է, որ հաճախ գործածվում է իբրև անկախ անուն:

ԱՐՈՒՍՅԱԿ – Հայ. Արուսյակ մոլորակի անունն է, որ նույն Լուսաստղն է՝ Վեներան (լատ. Venus): Հայերի մեջ այս անունը գործածական է 9-րդ դարից՝ արաբական Zuhra անձնանվան փոխարեն, որ նույնպես գործածական էր Լուսաստղ իմաստով: Այժմ էլ տարածված անուններից է:

ԱՐՓԻՆԵ – Կազմված է արփի /արև / բառից -ինե իգական ածանցով / ինչպես Ցոլինե, Նարինե /: Այժմ բավական տարածված անուն է:

ԱԼԲԵՐՏ – Գոթ. Albrecht- ից, որ նշանակում է “ազնվափայլ”: Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում, նաև մեզ մոտ:

ԱԼԵՔՍԱՆ – Ալեքսանդր անվան կրճատ ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անուն: Սրանից է գալիս Ալեքսանյան ազգանունը:

ԱՂՎԱՆ – Տարածվել է վերջին դարի սկզբին՝ աշուղ Եռանդի (Հովսեփ Ասլանյան) “Աղվանի և Օսանի հեքիաթը” հայտնի գրքի ազդեցությամբ (1900թ) հատկապես Շիրակի գյուղերում: Բոլորովին առնչություն չունի Աղվանից աշխարհի կամ ազգի հետ:

ԱՆԱՍՏԱՍ – Հուն.Anastasios անունից, որ անցել է եվրոպայի շատ ժողովրդների (լատ. Anastasius) . նշանակում է “հարություն” (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է):

ԱՆԴՐԱՆԻԿ – Հայ. անդրանիկ բառից, որ նշանակում է “ավագ”, “մեծ”, “երեց”: Իբրև անձնանուն հանդիպում ենք տակավին X դարից: Այժմ էլ շատ գործածական անուն է:

ԱՆԴՐԵԱՍ – Հուն. Andeioss անունն է, որ նշանակում է “առնական”,”հանդուգն”: Այս նույն անունը մուտք է գործել ռուսերենից՝ Անդրեյ (Андрей) ձևով: Սրանից է Անդրեասյան ազգանունը:

ԱՆՈՒՇԱՎԱՆ – Ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է: Հյուդմաշի ստուգաբանությամբ այս անունը կազմված է զենդ. anaoo “անմահ” և urvan “հոգի” բառերից. նշանակում է “անմահ հոգի”: Այս կարծիքին են նաև Ն. Ադոնցը և Հր. Աճառյանը: Գր. Ղափանցյանը անվան մեջ տեսնում է նոճի, սոսի բառերը, իսկ անվան վերջավորությունը մեկնում որպես “պաշտող”, “նվիրված”: Այստեղից էլ Անուշավան անունը բացատրում է իբրև սոսանվեր ( տես՝ Արա Գեղեցիկի պաշտամունքը 1944, էջ 107): Ոմանք էլ դիտում են որպես հայ. աշուղ և ավան բառերից կազմված մի անուն :

ԱՆՏՈՆ – Լատ. Antonius անունից. նշանակում է “առաջնորդ”: Տարածված է այս անվան Antonios ձևը: Ունենք նաև Անտոնյան ազգանուն:

ԱՇՈՏ – Այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Արաբ. aath բառը ևս սեմական ծագում ունի: Հայերի մեջ Աշոտ-ը շատ տարածված է:

ԱՌԱՔԵԼ – Գրբ. առաքել բառից է (եա>ե) հնչյունափոխությամբ. նշանակում է “ուղարկված”, “պատգամավոր”, “դեսպան”: Սրանից է Առաքելյան ազգանունը:

ԱՍԱՏՈՒՐ – Հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որ գործածական է նաև այսօր: Սրանից ունենք Ասո, Աստո անունները, ինչպես և Ասատրյան, Աստոյան ազգանունները:

ԱՎԱԳ – Հայ. ավագ բառից, որ նշանակում է “մեծ”, “տարեց”: Իբրև անձնանուն այժմ էլ կենդանի է: Սրանից ունենք Ավագյան ազգանունը:

ԱՎԵՏ – Հայ. ավետիք բառն է, որ նշանակում է “հաճելի լուր”, “բարև”, ”աչքալուսանք”:

ԱՎԵՏԻՔ – Հայ. ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. սրա փաղաքշական ձևերն են՝ Ավո, Ավիկ:

ԱՎԵՏԻՍ – Հին հայերենի ավետիք բառի հայցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ: Սրա կրճատ կամ փաղաքշական ձևերն են Ավիս, Ավո: Կան նաև Ավետիսյան, Ավոյան ազգանունները:

ԱՐԱ- Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին: Արան գարնան, բուսականության, երկրագործության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ: Գ. Ղափանցյանն իր “Chetto-armeniaca” գրքում նշել է մեր Արայի և խեթական Ara բույսերի աստվածության մասին: Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների): Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել , իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին՝ գրելով. ”Արա Գեղեցիկ և Արես իրենց ծագումով միևնույն դիցաբանական դեմքերն են” (տես՝ նրա “Արա Գեղեցիկ”,էջ 314-315): Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է “անտառ”, “արտ” և այլն: Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ “արա” մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն):Վերջին տարիներին Արա անունը մեծ տարածում է գտել:

ԱՐԱՄ – Ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև “վսեմություն” կամ “բարձրություն”: Մատենադարանի #5596 ձեռագրում սույն Արամ անունը դրված է “Բառք եբրայացւոցի” շարքում և բացատրված որպես “անեծք”, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ (թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է : Ունենք նաև Արամյան ազգանունը:

ԱՐԱՄԱԶԴ – Իրանական դիցաբանության մեջ հայտնի հզոր աստվածներից մեկի անունն է, որ հիշատակվում է մատենագրության մեջ նաև Որմիզդ ձևով: Հյուբշմանն այս անունը մեկնում է իբրև “իմաստության տեր”. կազմված է զենդ. abura “տեր” և mazda “իմաստություն” բառերից: Այս ստուգաբանությունը հավանություն է տվել նաև Հ. Աճառյանը: Ոմանք Արամազդ անվան մեջ տեսնում են Արա աստծու անունը և կապում ուրարտական կուլտուրայի հետ, սակայն դա միայն պատահական նմանություն է: Թվում է ՝իրանական փոխառություն է:

ԱՐԱՄԱՅԻՍ – Հայ հին դիցաբանական անուններից է: Հայկ Նահապետի թոռան (Արամայիկի որդու ) անունն է: Որոշ գավառներում Արմավիս են կոչում, որ ավելի հավանական է դարձնում պատմահոր վկայությունը: Այս անվան կրճատ ձևերն են՝ Արմո, Մայիս և այլն:

ԱՐԱՅԻԿ – Հնագույն Արա անունն է ՝ -իկ փաղաքշական ածանցով: Այժմ բավական տարածված ինքնուրույն անուն է :

ԱՐԱՐԱՏ – Հայոց մեծ լեռան անունն է , որ դարձել է նաև անձնանուն: Բիբլիական այս լեռան անունը ըստ էության չի ստուգաբանված: Գ. Ղափանցյանը հնարավոր է համարում Urart քաղաքական և էթնիկական տերմինից ծագած լինելու հանգամանաքը: Հնագույն Urart ձևը հեշտությամբ կարող է դառնալ Arart: Ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է “Արայի արտ” ( նախ ՝Ar + art, ապա ՝ Arart ): Այս բացատրությունը իհարկե գիտական չէ, քանի որ Արարատ տեղանունը շատ հին և հայերենով չի ստւգաբանվում:

ԱՐԵԳ – Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ “հրային – լուսափայլ ճաճանչներով”, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում (Րաֆֆի): Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում` գեղարվեստական գրականության ազդեցությամբ / Ղ. Աղայանի “Արեգնազան” և Հ. Թումանյանի “Հազարան Բլբուլը”:

ԱՐԹՈՒՐ – Եվրոպական անուն է , որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով /Վոյնիչի “Բոռ” վեպից /:

ԱՐԻՍՏԱԿԵՍ – Հուն. Arostakes անունից: Առաջին անգամ հանդիպում ենք Ագաթանգեղոսի մոտ: Uտուգաբանվում է իբրև “կրկին պարգև”: Կրճատ ձևերն են՝ Արիստակ, Արիս: Կա նաև Արիստակեսյան ազգանունը: Գավառական ձևն է Ռստակ, որից՝ Ռստակյան :

ԱՐԾՐՈՒՆԻ – Հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսվել է գործածվել 20-րդ դարի 90 – ական թվականներից: Տարածված է նաև Արծրուն ձևով:

ԱՐԿԱԴԻ – Հուն. Arkados – ից է , նշանակում է “բարեհոգի”, “ազնիվ”, “երջանիկ”. բառացի՝ “Արկադի բնակիչ” / հին հունական դիցաբանության մեջ Արկադիան պատկերացվում է որպես “երջանկության և անտրտում կյանքի երկիր”:

ԱՐՄԱՆ- Պարս. arman բառից , որ “իղձ”, “կարոտ” է նշանակում: Հնում այս անունը չի եղել հայերի մեջ, այժմ տարածված է իբրև արական անձնանուն:

ԱՐՄԵՆ – Հայ. Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen /հայ/ և կամ Armenia /Հայաստան/ բառերի հետ: Այժմ չափազանց տարածված անուն է : Սրանից Արմենյան ազգանուն :

ԱՐՄԵՆԱԿ – Հայկական դիցաբանության անուններից է /Արամանյակ/: Շատ տարածված էր անցյալ դարում: Գործածական է նաև կրճատ Արմեն ձևը, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն:

ԱՐՇԱԼՈՒՅՍ – Հայ. արշալույս /լուսաբաց / բառից: Իբրև անձնանուն գործածական է թե արական , թե իգական սեռերի համար:

ԱՐՇԱԿ – Պարս. “արջ” բառից՝ հայ. -ակ փաղքշական ածանցով: Նշանակում է “արջուկ”: Սրանից Արշակունյաց տոհմանունը, ինչպես և Արշակունի, Արշակյան ազգանունները:

ԱՐՇԱՎԻՐ – Հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է “տղամարդ” / զենդ. և vira բառերից /: Պատահական նմանություն ունի հայերեն արշավել բայի արշավիր հրամայական ձևի հետ:

ԱՐՍԵՆ – Հուն. Arsen բառից է , որ նշանակում է “առնական”, “ամրակուռ” / լատ Arsenius , ֆր. Arsene / : Այժմ էլ գործածաական անուն է : Ունենք նաև Արսենյան ազգանունը:

ԱՐՏԱԿ – Պահլ. artak ” սրընթաց” բառից: Այժմ շատ տարածված է :

ԱՐՏԱՇԵՍ – ՀԲ ստուգաբանում է իբրև “լույս”, ”եռանդ, ուրախության” կամ “անեծք”: Այս անունը կրել են պարսիկ և հայ թագավորները մեր թվարկությունից շատ առաջ: Մինչև այժմ էլ տարածված անուն է: Սրա կրճատ ձևերն են ՝ Արտաշ, Արտուշ, Արտիկ և այլն: Կան նաև Արտաշիսյան , Արտաշյան ազգանունները:

ԱՐՏԱՇԻՐ- Պարս. անուն է, որ մեզ մոտ երևում է 5 -րդ դարից: Ոմանք համարում են Արտաշես անվան ավելի ուշ ստեղծված / իրանական / տարատեսակ: Նոր պարսկերենով ստուգաբանվում է որպես “զայրացած առյուծ”, սակայն անվան մեջ պարզ երևում է arta “սրբազան” բառը, որից ծագած լինելն ավելի հավանական է :

ԱՐՏԱՎԱԶԴ – Պահլ. Artavazd անունից, որ հայերի մեջ տարածված էր տակավին մ. թ. ա. չորրորդ դարում: Արտավազդ անունը հաճախ կապում են դիցաբանական այլ անունների հետ / Պրոմեթևս, Ամիրան, Միհր և այլն / և դիտում որպես “մեռնող և հարություն առնող աստվածության ” նման մի բան / Գ. Ղափանցյան ,”Արա Գեղեցիկի պաշտամունքը”, էջ 58/: Արտավազդ անունը ստուգաբանվում է որպես “տևական արդարություն”: Այժմ էլ տարածված անուն է:

ԱՐՏԵՄ (Արտյոմ)- Հուն. artemes բառից է, որ նշանակում է “ամրակազմ”, “ջլապինդ”:

ԱՔԻԼԼԵՍ- Հունական դիցաբանական հերոսներից մեկի անունն է, որ եկել է Հոմերոսի “Իլիականի” միջոցով վերջին դարերում:

ԱԶԱՏ – Հայերեն ազատ բառից, որ իրանական ծագում ունի (զենդ. azata): Շատ տարածված անուն է: Սրանից՝ Ազատյան ազգանունը:

ԱԶՆԱՎՈՒՐ – Առաջացել է հայ “ազն” արմատից, որ նշանակում է “երևելի մարդ”, “հսկա”, “դյուցազն”: Մեզնից անցել է վրացիներին Ազնաուրի ձևով: Այժմ շատ ենք հանդիպում Ազնավուրյան ազգանվանը, սակայն իբրև անձնանուն գրեթե չի գործածվում:

ԱՌՆԱԿ – Առաջացել է գրբ. այր սեռական հոլովից (առն) և ակ ածանցից, նշանկում է “քաջ տղամարդ”, “կորովի”: Այժմ էլ գործածական է:

Բ-ով սկսվող անուններ

ԲԱԲԳԵՆ (Բաբկեն) – Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից խարս. -en փաղաքշական ածանցով՝ Babik+en>Babken (ինչպես Գուրգեն, Խորեն), սակայն մեծ մասամբ այս անունը հանդիպում է Գ-ով: Հայերի մեջ գործածական է երկրորդ դարից. այժմ էլ կենդանի անուն է:

ԲԱԳՐԱՏ – Պարս. baga “աստված” և data “տուրք”, “պարգև” բառերից. նշանակում է “աստծու պարգևած”: Գործածական է հնագույն ժամանակներից մինչև օրս: Սրանից ունենք Բագրատունի, Բագրատյան ազգանունները:

ԲԱՐՈՒՆԱԿ – Առաջացել է հայ. բարունակ բառից, որ նշանակում է “պտղատու ճյուղ”: Գործածական է XV դարից: Սրանից կա Բարունակյան ազգանունը:

ԲԵԼԼԱ – Եվրոպական Իզաբելլա անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ մեզ մոտ հանդես է գալիս որպես ինքնուրույն անուն: Այս անվան մի տարատեսակն է վաղուց տարածված Զաբել անունը, որ ստեղծվել է Իզաբել անունից՝ անշեշտ ի ձայնավորի կորստով: Այժմ այս Բելլա անունը տարածվում է ռուսերենի միջոցով:

ԲԵՐԹԱ – Գերմ. անունից, որ նշանակում է “լուսափայլ” ֆր. : Եկել է անտարակույս գեղարվեստական գրականության միջոցով: Գործածական է նաև Բերտա ձևով:

ԲՅՈՒՐԱԿ – Հայկական բյուր և ակն բառերից է, նշանակում է “բազմաթիվ ակունքներ”: Սկզբում եղել է միայն տեղանուն, ապա գործածական է դարձել նաև որպես անձնանուն՝ արական և իգական սեռերի համար:

ԲՅՈՒՐԵՂ – Հայ. բյուրեղ բառից, որ նշանակում է “թափանցիկ”, “ջինջ”, “հստակ”: Բավական տարածված անուն էր անցյալ դարում: Կա նաև սրա փաղաքշական Բյուրեղիկ ձևը, որ հաճախ երևում է որպես ինքնուրույն անուն:

ԲՐԱԲԻՈՆ – Հուն. brabeion, լատ. brabeum, հայ. բրաբիոն բառից, որ ծաղկի անուն է /նարգիսի ընտանիքին պատկանող ծաղիկ/ . նշանակում է “հաղթության պսակ”:

ԲԵՆԻԱՄԻՆ – Եբր. Binuamin անունից, որ նշանակում է “ամուր”, “երջանիկ”. բառացի՝ “ուժի և երջանկության որդի” կամ “աջի որդի” ( աջ կողմը նստող ): Այս անունը թեև գալիս է Աստվածաշնչից, բայց հնում գործածական չի եղել, երևում է XVIIդարից միայն: Այսօր էլ կենդանի անուն է:

ԲԵՆԻԿ – Բենիամին եբր. Biniyamin անվան կրճատ կամ փաղաքշական ձևն է, որ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն: Սրանից ունենք նաև Բենիկյան ազգանունը:

ԲՈՐԻՍ – Նշանակում է “փառքի համար կռվող”: Փաղաքշականն է՝ Բորյա:

Գ-ով սկսվող անուններ

ԳԱՅԱՆԵ – Լատ. Gaianus անվան իգական ձևն է: Հնում հայերի մեջ այդ անունով հայտնի էր միայն Գայիանէ կույսը, որի տաճարը մինչև օրս կանգուն է Էջմիածնում: Եկել է 4-րդ դարից, այժմ տարածված անուն է:

ԳԵՂԱՆՈՒՇ – Հայ. գեղ / գեղեցիկ / և անուշ բառերից: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գեղուշ, Գեղուշիկ: Հավանական է առաջացած լինի նաև Գեղամ անվան մի մասից՝ -անուշ վերջավորությամբ / ինչպես Արմանուշ / :

ԳԵՂԵՑԻԿ – Հայ. գեղեցիկ ածականից ստեղծված անուն է:

ԳԵՆՅԱ – Հազվադեպ գործածություն ունի: Ավելի տարածված է սրա ֆրանսերենից եկող Ժենյա ձևը: Այս անվան փաղաքշական ձևը ծագում է Գեննադի արական անունից, որ հուն. genaddas բառից է և նշանակում է “ազնիվ”, “բարեկիրթ”:
ԳԻՍԱԿ – հայ. գիսակ բառից, որ “վարս” է նշանակում (գէս-գիսակ): Հիշատակվում է դեռևս հեթանոսության շրջանից, սակայն վերջերս կրկին գործածական դարձավ իբրև հայերեն անուն (մազավոր, քաջագանգուր իմաստով):

ԳՈՀԱՐ – Հայ. գոհար հասարակ բառից, որ նշանակում է “ադամանդ” կամ “անգին քար”: Իբրև անձնանուն գործածական է 12-րդ դարից. փոխառություն է պարս. guhar բառից: Ժողովրդի մեջ այսօր էլ տարածված է Գովհար, Գուհար ձևերով: Սրա փաղաքշականն է Գոհարիկ, որ հաճախ երևում է իբրև անկախ անուն:

ԳՐԵՏԱ – Լատ. Margarita անվան փաղաքշական ձևից է, որ գործածական է մեզ մոտ 20-րդ դարից: Համապատասխանում է մեր Մարգարիտ անվանը:

ԳԱԼՈՒՍՏ – Հայ. գալուստ (գալը) բառն է, որ նշանակում է “մոտ գալ”: Այս անունը շատ տարածված է հայերի մեջ և մինչև օրս էլ գործածվում է: Ունենք նաև Գալստյան, Գալոյան ազգանունները:

ԳԱՌՆԻԿ – Հայ. գառն բառի փաղաքշական ձևն է ( գառն+իկ ), որ տարածված է անհիշելի ժամանակներից՝ իբրև արական անձնանուն՝ “համեստ”, “հեզ”, “խոնարհ” իմաստով: Սրանից կա Գառնիկյան ազգանունը:

ԳԱՍՊԱՐ – Ավետարանական մոգերից մեկի անունն է, որ հանդիպում է նաև այլ քրիստոնյա ազգերի մեջ: Հայերի մոտ այս անունը տարածվել է XIII-XV դարերից: Կա նաև Գասպարյան ազգանունը:

ԳԱՐԵԳԻՆ – Հայերի մեջ գործածական է եղել IV-V դարերում, հետո առժամանակ մոռացվել է և միայն վերջին ժամանակներս սկսեց գործածվել իբրև արական անձնանուն: Քանի որ այս անունը փոխառություն չէ, և ոչ մի ազգի մեջ չենք տեսնում, ուստի սրա ստուգաբանությունը պետք է որոնել նախահայկական լեզուների մեջ: ՀԲ այս անունը չի ստուգաբանում, Հ. Աճառյանը համարում է անհայտ ծագման բառ: Կրճատ ասում են Գարիկ, Գարեն, Գարո: Կա նաև Գարեգինյան ազգանունը:

ԳԵՂԱՄ – Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից: Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ կապված Գեղամի հետ ( “Գեղամայ ծով”, “Գեղամայ լեառն”): ՀԲ համարում է եբրայերեն բառ՝ gelamp “գեղամպ” (Լ Ղ հնչյունափոխությամբ), և ստուգաբանում իբրև “հավիտենական” : Գեղամ անունը և Գեղամյան ազգանունը այժմ էլ տարածված են:

ԳԵՎՈՐԳ – Հուն. georgos բառից, որ նշանակում է “հողագործ”, “երկրագործ” (հուն. ge “հող”, “երկիր” բառից, ինչպես geolog “երկրաբան” ): Քրիստոնեության շնորհիվ այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ: Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից: Հանդիպում է Գևորգ, Գևոր ձևերով: Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն: Այժմ ավելի տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ երկու ձայնավորներ (էո) իրար հետ դժվար են արտաբերվում: Սրա փաղաքշական ձևերն են՝ Գևո, Գևիկ: Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը:

ԳԵՐԱՍԻՄ – Հուն. Geramios, լատ. Gerasimus անունից, որ հուն. geras բառից է և նշանակում է “արժանավոր”, “պատվավոր”: Անցյալ դարում շատ տարածված էր հայերի մեջ: Ներկայումս էլ օգտագործվում է : Սրա կրճատ ձևն է Գերաս:

ԳՅՈՒՏ – Հայկական գյուտ բառից է, որ նշանակում է “գտած բան”: Տարածված է եղել ժողովրդի մեջ V դարից: Այժմ էլ գործածական է:

ԳՆԵԼ – Հայկական հնագույն անձնանուններից է, որ հիշատակված է մատենագրության մեջ ( Խորենացի, Փավստոս) :

ԳՆՈՒՆԻ – հայ նախարարական տոհմանուն, որ վերջին տարիներին գրականության միջոցով տարածվել և դարձել է անձնանուն: Կա նաև Գնունի ազգանունը:

ԳՈՌ – Հայ. գոռ բառից, որ նշանակում է “հպարտ”, “գոռոզ”: Այս անունը հնում գործածական է եղել, բայց հետզհետե մոռացվել է: Վերջին դարում կրկին տարածվեց շնորհիվ Մուրացանի “Գևորգ Մարզպետունի” պատմավեպի: Կա նաև փաղաքշական Գոռիկ անունը:

ԳՈՒՐԳԵՆ – Պահլ. gurgen բառից, պարս. Gurgen անունից. կազմված է “գայլ” բառից՝ փաղաքշական ածանցով. նշանակում է “գայլաբարո” կամ “գայլուկ”: Հայերի մեջ այս անունը տարածված է դեռևս VI դարում: Այժմ էլ գործածական անուն է:

ԳՐԻԳՈՐ -Հուն. Grigorios, լատ. Grigorius անունից, որ նշանակում է “զգոն”, “արթուն”, “հսկող”: Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ: Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝ Գրիգորիս, Գրիգորիոս,Գրիգոր ձևերով: Վերջին ձևն ավելի տարածված է. սրանից էլ կազմվում է շատ տարածված Գրիգորյան ազգանունը: Սրա փաղաքշական ձևերն են` Գոքոր, Գիքոր, Գիքո, Գրիշ և այլն: Կա նաև Գիքոյան ազգանուն:

ԳԱԳԻԿ- Ասոր. Gag անունն է, որից հայերն ստեղծել են նոր անուն՝ -իկ փաղաքշական ածանցի միջոցով (Գագ+իկ): Գագ անունն այլևս գործածական չէ, մինչդեռ Գագիկը տարածված է:

Դ-ով սկսվող անուններ

ԴԱՎԻԹ – Եբր. David նունից, որ նշանակում է “գեղեցկատես” կամ “սիրեցյալ” /ՀԲ/: հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից: Բիբլիական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլև անցել է արաբներին Davud ձևով: Սրա փաղաքշական ձևերն են` Դավո, Դավթիկ, Տավո: Ունենք Դավթյան, Դավոյան ազգանունները:

ԴԱՎԹԱԿ – Դավիթ անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ անցյալում գործածական էր իբրև ինքնուրույն անձնանուն (ինչպես նաև՝ Դավթիկ, Դավթուկ անունները): Այժմ գրեթե մոռացված է:

ԴԵՐԵՆԻԿ – Հայ. դերեն նշանակում է “վանքի սան”, “որդի վանաց”: Հայերի մեջ բավական տարածված անուն է: Փաղաքշականն է Դերո, որից Դերոյան ազգանունը:

ԴԱՆԻԵԼ – Եբր. Daniel անունն է: Հնագույն անձնանուններից է. գալիս է Աստվածաշնչից և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Դանո, Դանուշ, Տանի, Տոնի /Լեռնային Ղարաբաղ/: Ունենք Դանիելյան ազգանունը:

ԴԻԱՆԱ – Լատ. Diana բառից է: Հին հռոմեական դիցաբանության մեջ որսի և լուսնյակ գիշերների աստվածուհին է, որ համապատասխանում է հին հունական Արտեմիդե աստվածուհուն: Իբրև անձնանուն շատ տարածված է ռուսների մեջ /ստուգաբանում են իբրև “անմերձենալի”/: Մեր մեջ այս անունը մուտք է գործել վերջին տարիներին ռուսերենից:

ԴԻՆԱ – Ծագել է հուն. dina, dine, dineo բառերից, նշանակում է “աշխույժ”, “ճարպիկ”, “շարժուն”, “անդադրում”:

ԴՅՈՒՑԱԶՆ – Առաջացել է հայ. դյուցազն բառից, որ նշանակում է “ազնվազարմ”, “հսկա”. կազմված է դից “աստվածային” և ազն “ցեղ” բառերից: Հազվադեպ գործածվող անուն է:

Ե-ով սկսվող անուններ

ԵԶՆԻԿ – Հայ. եզն բառի փաղաքշական ձևն է, որ իբրև անձնանուն գործածական է եղել հնուց: Գրավոր աղբյուրներում այս անունը երևում է V դարից (Եզնիկ Կողբացի): Հայկական անուն է, գործածական է նաև այժմ:

ԵԼԵՆԱ – Հուն. Helos, helenos բառից, որ նշանակում է “արևային”, “պայժառ”: Հայերի մեջ տարածված է այս անվան նաև հնագույն ձևը՝ Հեղինե, սակայն վերջերս մուտք է գործել նաև Ելենա անունը: Սրա փաղաքշականն է Լենա, ունենք նաև Էլեն /ֆրանս. ձևով/, որ հաճախ գործածավում է իբրև ինքնուրույն անուն:

ԵՎԱ – Եբր. khava “կյանք” բառից: Ըստ Աստվածաշնչի` նախամոր անունն է, որ տարածված է աշխարհիս բազմաթիվ ազգերի մեջ /լատ Eva, ֆրանս. Eve և այլն/: Հայերի մեջ գորածածական է հնուց:

ԵՐԱՆՈՒՀԻ – Հայ. երանի բառից՝ -ուհի իգական ածանցով: Սրա կրճատ ձևն է Երան:

ԵՂԻՇԵ – Եբր. հնագույն փոխառություն է. եկել է ասորերեն Եղիշէ և հունական Եղիսէ անուններից: Ժողովրդի մեջ եղել է նաև Ելիշէ հնագույն ձևը, որ գալիս է հին հրեենից՝ կենդանի հաղորդակցման միջոցով: Այժմ էլ գործածական անուն է: Կրճատ ձևն է Եղիշ:

ԵՍԱՅԻ – Եբր. i “փրկել” արմատից. նշանակում է “փրկություն”: Կրճատ ձևերն են Եսո: Ունենք նաև Եսայան ազգանունը:

ԵՐԱՄ – Առաջացել է հայ. երամ բառից, որ նշանակում է “խումբ” (թռչունների): Հազվադեպ հանդիպող անուն է: Սրանից ունենք Երամյան ազգանունը:

ԵՐՎԱՆԴ – Պահլ. arvand “արագ”, “սլացիկ” սանս. arvant “արագավազ ձի”, “քաջընթաց ձի” :Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից:Այժմ էլ տարածված անուն է, որից ունենք Երվանդյան ազգանունը:

ԵՓՐԵՄ – Եբր. Efraim անւնից , որ նշանակում է “պտղաբեր”, “աճող”,”փարթամ”: Հնագույն անուն է , պահպանվել է մինչև օրս: Ունենք Եփրեմյան ազգանունը:

ԵՂԻԱԶԱՐ – Եբր. : Հայերի մեջ տարածվել է հուներիենից՝ Heleazar : Ունենք նաև Եղիազարյան ազգանունը: կրճատ ձերն են ՝ Եղո, Եղիկ:

Զ-ով սկսվող անուններ

ԶԱՏԻԿ – Առաջացել է հայ. զատիկ բառից, որ նշանակում է “Հարության տոն”: Սրանից է Զատիկյան ազգանունը:

ԶԱՐԵ- Պարս. zar “ոսկի” բառից: Տարածված իգական անուն է եզիդ քրդերի մոտ: Հայերի մոտ այս անունը տարածվեց քսանական թվականներին՝ Հայկինոյի թողարկած “Զարե” կինոնկարի ազդեցությամբ:

ԶԱՐԻՆԵ -Ստեղծվել է վերջերս ինե իգական ածանցով պարս. բառից, որ “ոսկի” է նշանակում: Համապատասխանում է մեր Զարուհի, Զարիկ, Ոսկի անուններին:

ԶԱՐՄԱՅՐ – հայ. զարմանալի ածականից և այր “տղամարդ” բառից, ինչպես՝ Ժիրայր, Նորայր և այլ անձնանուններ: Հնում շատ տարածված էր, այժմ քիչ է գործածական: Փաղաքշական ձևերն են Զարմո, Զարմիկ:

ԶՎԱՐԹ- Հայ. զվարթ (զուարթ) բառից, որ նշանակում է “աշխույժ”, “կենսուրախ”: Այժմ բավական տարածված անուն է:

ԶԱՔԱՐԻԱ – Եբր Zakhariya անունն է , որ ստուգաբանվում է իբրև “լավ հիշող”, “մտապահող”: Այս անունը ժողովրդի մեջ տարածված է Զաքար, Զաքի և այլ ձևերով: Այժմ էլ գործածական անուն է : Սրանից ունենք Զաքարյան, Զաքյան , Զաքոյան , Զաքիյան անունները:

ԶԳՈՆ – Առաջացել է հայ. զգոն բառից՝ “արթուն”, “ուշիմ”, “իմաստուն” նշանակությամբ: Հավանաբար հունարեն Grigorios անվան թարգմանությունն է կամ հայացրած ձևը: Այժմ գրեթե մոռացված անուն է:

ԶՈՐԱՅՐ – Հայ. զորայր բարդ բառն է, որ նշանակում է “զորավոր տղամարդ” / զօր + այր /: Մեծ մասամբ տարածված է սփյուռքահայության մեջ: Սրա փաղաքշական ձևն է Զորիկ :

ԶՈՐԱՊԵՏ – Առաջացել է հայ. զորապետ (զօրապետ, զաւրապետ) բառից. նշանակում է “զորագլուխ” կամ “զորքի հրամանատար”: Այժմ սակավ է հանդիպում: Կա Զորապետյան ազգանունը:

ԶՈՐԱՎԱՐ – Հայ. զորավար բարդ բառից է, որ նշանակում է “զորքը կռվի տանող”: Նույն իմաստով այս անունը տարածված է նաև պարսիկների մեջ (Zorawar): ՈՒնենք Զորավարյան ազգանունը:

ԶՈՐԻԿ – Հայ. զոր /զօր / բառից՝ իկ փաղաքշական ածանցով “զորեղ”, “զորություն ունեցող”, “զորավոր”, “հզոր” նշանակությամբ: Այժմ բավական տարածված անուն : Մեզանում հաճախ Զորիկ են կոչում նաև Զոհրաբ, Զորայր անունը կրողներին:

ԶԱՎԵՆ – Պարս. Zaw անունից և են փաղաքշական ածանցից / ինչպես՝ Գուրգեն/. նաշանակում է “աջակցող”, “օգնող”: Սրա փազաքշականն է Զավիկ:

Հաջորդիվ կներկայացնեմ նաև մյուս տառերով սկսվող անձնանունների ստուգաբանությունը…

Share.

Leave A Reply