Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ ստեղծվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբը, որն անցած ժամանակահատվածում շոշափելի աշխատանք է իրականացրել:

Շտաբի տարածած տեղեկատվության մեջ ասվում է. «Նրա առաջնահերթ խնդիրներից է եղել տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումը, դրանց համապատասխան ընթացքավորման համար անհրաժեշտ օժանդակությունը և նրանց կողմից բարձրացված տարաբնույթ խնդիրների ուսումնասիրումը, տարբեր փաստաթղթերի պատճենների ձեռք բերման կամ դրանց վերականգնման գործընթացում անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը:

Ուսումնասիրվել և, անհրաժեշտության դեպքում, որոշակի միջամտություն է ցուցաբերվել ըստ տարբեր սոցիալական խավերի՝ առողջապահական, կրթական, սոցիալական, բնակկենցաղային տարրական պայմանների ապահովման և քաղաքացիների դիմում-բողոքների ընթացքավորման ու կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ:

Ըստ էության, Օպերատիվ շտաբն արդեն վաղուց ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար վերածվել է բազմաֆունկցիոնալ մի կառույցի, որտեղ իրենց լուծումն են ստանում բազմաթիվ ու բազմաբնույթ հարցեր, որոնք անմիջականորեն կապված են մեր համերկրացիների առջև ծառացող խնդիրների լուծման հետ:

Օպերատիվ շտաբի աշխատանքները, ինչքան որ թույլ է տալիս տրամաբանությունը, թափանցիկ են, և դրանք առավելագույնս բաց են քննարկումների և առաջարկների համար:

2021 թվականի ընթացքում Օպերատիվ շտաբի սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման բաժնի կողմից Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հուղարկավորման, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման համար ընդունվել և պատրաստվել է թվով 124 դիմում-փաթեթ, սկանավորվել և էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն: Ուսումնասիրվել և մուտքագրվել է տարբեր բովանդակության 665 դիմում, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան տեղեկանքներ: Կատարվել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների՝ ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից տեղահանված բնակիչների ցուցակների ճշգրտում՝ 215 ընտանիք (թվով 945 մարդ): Ըստ գրանցամատյանի՝ կատարվել է 673 տեղահանված բնակչի ընդունելություն, տրվել՝ համապատասխան լուծում: Տեղահանված քաղաքացիների վարկային պարտավորությունների մարման համար լրացվել է 158 դիմում: 22 ընտանիքների տրամադրվել է 71 փաթեթ տակդիր: 5 բնակչի տրամադրվել է հաշմանդամության սայլակ:

Բաժինը զբաղվել է նաև քառասունչորսօրյա պատերազմում վիրավորում ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բուժումը շարունակելու նպատակով կացարանով ժամանակավորապես ապահովելու խնդրով, որոշ դեպքերում ընգրկվել են նաև Արցախյան առաջին և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմների վիրավորները (հաշմանդամները)՝ տեղահանված շրջաններից լինելու պարագայում և պայմանավորված առողջական վիճակի վատթարացմամբ: Նշված ժամանակահատվածում կացարանով ապահովվել են 13 վիրավորներ և նրանց խնամակալները. ըստ բժշկական միջամտության համապատասխան ընթացքի, նրանք այցելել են պարբերաբար:

Հաշվետու ժամանակահատվածում հաշվառման և վերաբնակեցման խնդիրների կազմակերպման բաժնի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և մարդկանց ու նրանց գույքի տեղափոխման շրջանակներում ԱՀ տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 178 ընտանիք (թվով 835 մարդ, որից՝ 359-ը՝ անչափահաս), բացի այդ՝ ընտանիքի գլխավորի առաջնորդությամբ դեպի ԱՀ կազմակերպվել են ճանաչողական այցեր (շուրջ 60 հոգի)՝ քաղաքացիներին պայմաններին ծանոթացնելու և հետագայում վերաբնակեցնելու նպատակով: Իրականացվել է ԱՀ և ՀՀ տարբեր շրջաններից ԱՀ տեղահանված ընտանիքնների գույքի տեղափոխման կազմակերպման գործընթացը:

 Անցած ժամանակահատվածում բաժնի կողմից իրականացվել են Օպերատիվ շտաբի պետի՝ «ՀՀ-ում բնակվող և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ զբաղվող՝ ԱՀ-ից տեղահանված հողօգտագործողներին»(ԱՀ հաշվառում ունեցող)աջակցություն տրամադրելու մասին հրամանով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները. բաժնի պետը մասնակցել է չափագրումներին, հաստատել, և պետի հանձնարարականով բաժնում հավաքագրվել ու իրականացվել է հողօգտագործողների փաստաթղթավորման գործընթացը (թվով՝ 120 գործ, որից 9-ը՝ մերժվել է):

Բաժնի կողմից պարբերաբար կազմակերպվել են նաև շրջայցեր դեպի ՀՀ տարբեր մարզեր՝ կապված տեղահանված քաղաքացիների խնդիրների ուսումնասիրման հետ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր շուրջ 96-98 հազարի: Պատերազմի ավարտից անմիջապես հետո վերադարձի մեծ շրջանը եղել է 2020թ. նոյեմբերի 14-15-ից մինչև տարեմուտը. այդ ընթացքում տեղափոխվել է մոտավորապես 40-42 հազար արցախցի, որոնց տեղափոխումը հիմնականում կազմակերպվել է անվճար ավտոբուսների միջոցով և Օպերատիվ շտաբի միջոցների հաշվին: Հունվարից շարունակվել է արցախցիների տեղափոխման գործընթացը, և Օպերատիվ շտաբի առաջին հաշվառման ժամանակ՝ 2021թ. մարտի 1-իդրությամբ։

ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների թիվը կազմում էր շուրջ 25 հազար մարդ:

2021 թվականի առաջին կիսամյակում անվճար ավտոբուսներով ԱՀ են տեղափոխվել 17 037 մարդ (401 ավտոբուս): Գործընթացին զուգահեռ, ժամանակի ընթացքում անվճար երթուղիների քանակը կրճատվել է, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Օպերատիվ շտաբի միջև պայմանավորվածության արդյունքում մինչ այսօր իրականացվում է օրական մեկ երթուղի՝ 40-50 մարդ, որն այս պահին զուտ Երևան-Ստեփանակերտ կապի ապահովման միջոց է՝ ելնելով ծրագրից օգտվողների սոցիալական ծանր կացությունից և պայմանավորված որոշակի անվտանգային նկատառումներով։

Ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է տեղահանված ԱՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալների մանրամասն մոնիթորինգ և հաշվառում: Տվյալները վերաբերում են հաշվառում ունեցողների և, ընդհանրապես, փաստացի բնակվողների շրջանում՝ ըստ փաստացի բնակության վայրի, այդ թվում՝ անպայման իրականացվում է զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների, դպրոցահասակ երեխաների, ուսանողների, շրջանավարտների և բազմազավակ ընտանիքների առանձնակի ցուցակագրում:

Պարբերաբար Օպերատիվ շտաբը փորձում է հաշվառման շրջանակն ընդլայնել, և նրա համապատասխան բաժինն այդ աշխատանքների կազմակերպումն ապահովում է Օպերատիվ շտաբին կցված համապատասխան շրջանների պատասխանատուների հետ կապի միջոցով, որոնք էլ, իրենց հերթին, կապ պահելով համայնքապետերի հետ՝ այս ամենը հաղորդում են իրենց հասանելի միջոցներով: Այնուհետև իրականացվում է արձանագրում թղթային տարբերակով, այն վերահաստատվում է, ճշգրտվում և նորից կատարվում է հարցում, կազմվում համապատասխան բազա:

Բազան մշտապես ընդլայնվում ու թարմացվում է:

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած, տեղահանված ԱՀ քաղաքացիների թիվը կազմում էր շուրջ 21 000 մարդ՝ 5400 ընտանիք:

Օպերատիվ շտաբի՝ որպես իրավաբանական անձի ձևավորման օրվանից՝ 2021թ. ապրիլի 1-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է մուտքագրվել 1142 դիմում, որից` Օպերատիվ շտաբի աշխատողների(աշխատանքի ընդունման և ազատման, արձակուրդի տրամադրման)՝ 47, ֆինանսական օգնության համար՝ 693, Արցախի Հանրապետություն ճանաչողական այցի համար՝ 10, Արցախ տեղափոխվելու համար՝160, բնակարանով ապահովելու համար՝ 5, բնակվարձի փոխհատուցման համար՝ 153, հյուրանոցում տեղավորվելու համար՝ 8, կացարանով ապահովելու համար՝ 11, ծերանոցում տեղավորվելու համար՝ 3, սայլակ տրամադրելու համար՝ 6, տակդիր տրամադրելու համար՝ 30, Արցախցիներին տրվող սոցաջակցությունից օգտվելու համար՝ 4, պետպատվերի շրջանակներում վիրահատություն կատարելու համար՝1, օրթեզ տրամադրելու համար՝ 3, անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելու համար՝ 1, ուսման վարձի փոխհատուցման համար՝ 2, վերահուղարկավորման համար՝ 2, այլ հարցերով՝ 3 դիմում։

Մուտքագրվել է 136 նամակ-գրություն, այդ թվում` ԱՀ նախագահի աշխատակազմից, կառավարությունից, նախարարություններից, գերատեսչություններից և հիմնարկություններից։

ԱՀ նախագահիաշխատակազմ, ԱՀ և ՀՀ կառավարություններ, ԱՀ և ՀՀ նախարարություններ են ուղարկվել 167 առաջարկություններ։

Սոցիալական ծրագրերի մասով.

Սոցիալական ծրագրերը կազմվում են՝ ելնելով ստեղծված իրադրությունից և ժամանակի պահանջով, նաև՝ տեղահանված արցախցիների օրակարգի թելադրմամբ:

Մինչ այսօր իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ սոցիալական ծրագրեր, որոնք միտված էին ԱՀ-ից տեղահանված և ՀՀ-ում բնակվող քաղաքացիների սոցիալ-տնտեսական, մասնավորապես, ՀՀ տարածքում գտնվող հյուրանոցներում, հյուրատներում և այլ կացարաններում նրանց կացության խնդիրների լուծմանը։

ԱՀ և ՀՀ կառավարությունների համատեղ ծրագրերը հասնում են շուրջ երկու տասնյակի:

Դրանք են՝

1.Միանվագ աջակցություն՝ 68.000 դրամ + 15.000 դրամ:

2.Կորսված բնակավայրերում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին 300.000 դրամի չափով:

3.Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչներին միանվագ դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրին՝ 250.000 դրամի չափով:

4.Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ դրամական օժանդակություն՝ 500.000 դրամի չափով:

5.Անհայտ կորածների ընտանիքներին, որպես աշխատավարձ տրամադրվող դրամական օժանդակություն` վեց ամիս շարունակ 300.000 դրամի չափով:

6.Միանվագ դրամական օժանդակություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքների անդամներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց՝

• Առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ 3.000.000 դրամ

• Երկրորդ խմբի անձանց՝ 2.000.000 դրամ

• Երրորդ խմբի անձանց՝ 1.000.000 դրամ

• Հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000 դրամ

• Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանքիներին՝ 5.000.000 դրամ

7. Չափահաս անձանց տրամադրվող վարձավճար՝ 30.000 դրամ:

8.Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝ 20.000 դրամ:

Զբաղվածության հարցի լուծման ուղղությամբ իրականացվում է երկու ծրագիր.

• Աշխատավարձի և վերապատրաստման համար երեք ամիս շարունակ տրամադրվումէ 100.000 դրամ

• Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց

9.Պրոթեզավորման ծրագիր:

10.Տեղահանված ընտանիքիների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում:

11.Տեղահանված բնակչության համար ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում):

12.Զոհվածների հուղարկավորության համար՝ 700.000 դրամի տրամադրման ծրագիր:

13.Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսերի ծրագիր՝ 1.400.000 դրամի չափով:

14.Զոհված զինծառայողների ընտանիքիներին միանվագ 10 մլն դրամի չափով օժանդակության տրամադրում և կենսաթոշակին շանակում՝ «1000+» հիմնադրամի կողմից:

15.4 ամիս ժամկետով 68.000 դրամի չափով աջակցության տրամադրում:

16.4 ամիս ժամկետով տրամադրվող 25 000 կամ 50 000 դրամի չափով աջակցության տրամադրում (ծրագիրը շարունակվում է 2022թ. հունվար-փետրվար ամիսների համար՝ դրամական աջակցության նոր՝ 20 000 կամ 40 000 դրամի չափով):

Ծրագրերի մեծ մասն ավարտված է: Քննարկվում և լրացուցիչ ցուցակներով վճարվում են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով բաց թողնված անհատական դեպքերը:

Նշված ծրագրերից օգտվել է շահառուների 97 տոկոսը:

Շարունակում են գործել նաև զբաղվածության խնդրի լուծման ուղղությամբ երկու ծրագրերը. քաղաքացիների աշխատանքային փորձի ձեռքբերման համար աջակցության տրամադրման ծրագիր (ուսուցում) և մյուսը՝ հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով օրական եկամուտի ապահովում: Հիմնականում այս երկու ծրագրի միջոցառումների շրջանակներում է փորձ արվել ապահովել արցախցիների զբաղվածությունը: Մեր ունեցած տվյալներով՝ դիմել է Արցախից տեղահանված թվով 2512 անձ, որից 1570-ը գրանցվել են որպես գործազուրկի կարգավիճակ ստացածներ, իսկ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 942, որից առաջին ծրագրից օգտվելու համար ցանկություն է հայտնել 857 քաղաքացի։ Նրանցից 388-ի պահանջը բավարարվել է պետական բյուջեի հաշվին, իսկ 132-ը՝ միջազգային կազմակերպությունների միջոցով (72%-ից ավելին կազմում են կանայք), իսկ 85-ը դիմել են հասարակական աշխատանքների համար (մեծամասնությունը՝ տղամարդիկ, 23-ը՝կին), 85-ի դեպքում էլ գտնվել են այլ լուծումներ:

Ընդհանուր առմամբ, 605 մարդ բավարարվել է, մյուս 337-ի մասով հարցը գտնվում է ընթացքի մեջ:

Բացի այդ, Օպերատիվ շտաբի միջնորդությամբ շուրջ 380 մարդ ձեռք է բերել մշտական կամ ժամանակավոր աշխատանք, այդ թվում նաև՝ Օպերատիվ շտաբի աշխատակազմի գերակշռող մասը տեղահանված արցախցիներ են, բացառություն է կազմում սպասարկող անձնակազմը:

Share.

Leave A Reply